Ոստիկանությունը պետք է Սահմանադրական հանրաքվեից առաջ կարգավորի ID քարտերի հարցը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում ասել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, որը Ընտրական օրենսգրքում «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի համահեղինակներից է։ Օրինագիիծը թույլ է տալիս քվեարկությանը մասնակցել ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ ID քարտերով։
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե պետք է արդյոք ID քարտերով քվեարկողների համար առանձին ցուցակ կազմել, Սահակյանը նշեց, որ դրա համար առանձին ծրագիր է անհրաժեշտ։ «Ես խոսել եմ Ոստիկանության ներկայացուցիչների հետ, հենց հիմա դա կազմակերպելը կարող է բարդություններ առաջ բերել։ Ըստ երեւույթին մենք եւս մեկ անգամ մինչեւ դեկտեմբերի 6-ը մնացած կարճ ժամանակահատվածում կհավաքվենք հարցի լուծման ուղիները քննարկելու համար։ Հնարավոր է՝ տեղամասերում ID քարտերով քվեարկողների անվան դիմաց նշում արվի։ Սա հնարավոր տարբերակներից մեկն է, կարող են լինել ու ուրիշները»,- ասել է նա։





























