Գյումրիում սպանված մայր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանությունից վեց ամիս անց գործով ոչ ձերբակալված, ոչ էլ կասկածյալ կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Մոր եւ դստեր սպանության գործով հարեւաններից բացի, հարցաքննվել են նաեւ մարդիկ, որոնց Շահումյանները պարտքով կամ տոկոսով գումար են տվել: Հարցաքննվածների թիվը երկու տասնյակից ավելի է:
Շիրակի մարզի դատախազի խոսքով` գործի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:
«Գործի նախաքննությունը շարունակվում է, քրգործով մեղադրվող կամ կասկածյալ առայժմ չկա, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են»,– -ասաց ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնեք, որ մոր եւ դստեր սպանված մարմինները գտել էր սպանված Ալվարդ Շահումյանի ընկերը՝ Արթուրը, որի հետ Ալվարդը մոտ 20 տարի ընկերություն է արել: Նա եւս հարցաքննվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175 եւ 104 հովածների հատկանիշներով:




























