Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 2-ից սկսվելու է հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովի գործով դատավարությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք:
35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նա կալանավորված է:
Նշենք, որ ադրբեջանական կայքերի հաղորդմամբ՝ Միքայիլովն ադրբեջանցի է, սակայն Վրաստանի քաղաքացի:





























