Ամերիկացիներն այս տարի Հելոուինի կոնֆետների վրա ավելի շատ գումար կծախսեն, քան անցյալ տարի:  Ավանդույթի համաձայն, քաղցրեղենը բաժանում են երեխաներին, որոնք տոնի օրը թակում են դուռն ու կոնֆետ են խնդրում:  

Ինչպես կանխատեսում է Հրուշակագործների ազգային ընկերակցությունը (NCA), այս տարի հոկտեմբերի  31-ի համար կոնֆետ գնելու վրա կծախսվի  2,6 միլիարդ դոլար, ի տարբերություն նախորդ տարվա` 2,5 միլիարդ դոլար ու մի քիչ ավելիի:

NCA-ի կողմից հարցված ամերիկացիների 86%-ը պատրաստվում է կոնֆետ բաժանել:   Շոկոլադը շարունակում է մնալ ամենաընդունված քաղցրավենիքը. այն նախընտրում է հարցվածների 70%-ը: Երկրորդ տեղում եգիպտացորենի օշարակով իրիսներն են (candy corn), որոնց բաժին է ընկնում 13%-ը: Այնուհետեւ գալիս են տարբեր ծամոն-կոնֆետներ (6%) եւ մարմելադը (5%):

Հելոուինը, Զատիկը, Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Վալենտինի օրը հիմնական տոներն են, որոնց ընթացքում կոնֆետ են գնում, նշում է  NCA-ը:

Ծնողների մեծամասնությունը ջանում է չմոռանալ առողջության մասին. հարցվածների ավելի քան 80%-ը մտածել է, թե տոնական օրերին ինչպես սահմանափակի քաղցրեղենի օգտագործումը կամ էլ երեխաներին օգնի ճիշտ ընտրություն անել այդ օրերին օգտագործվելիք սննդի առումով: