Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ որեւէ խնդրի լուծմանն ուղղված բանակցություններ կընթանային, եթե ներկա լիներ նաեւ Բակո Սահակյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերին կայանալիք հանդիպման լավագույն արդյունքը կլինի, եթե կարողանան մոտեցումներ ձեւավորել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների հարցում:
«Որեւէ խնդրի լուծման բանակցություններ չեմ պատկերացնում, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն այնտեղ չէ: Երբ որ 3 նախագահները կլինեն մի սենյակում, այդ ժամանակ կարող ենք ակնկալիքներ ունենալ: Ամեն դեպքում մեր դիմաց նստած է այնպիսի մարդ, որը հաջորդ օրն իսկ ցանկացած պայմանավորվածություն խախտում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի կազմակերպման հարցերով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:





























