Թուրք բանակցողները Եվրամիությանը խնդրել են տարեկան 3 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրել իրենց՝ փախստականների հոսքը կանգնեցնելու հարցում համագործակցության համար: Այս մասին, ըստ EU Observer-ի, հայտարարել է բանակցությունների ընթացքին ծանոթ եվրոպացի դիվանագետը:

Աղբյուրի փոխանցմամբ, ԵՄ-ն նախ 1 մլրդ եվրո է առաջարկել, հետո՝ 2 մլրդ, սակայն Թուրքիան այդ թիվը հասցրել է տարեկան 3 միլիարդի: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ Անկարայի համար կարմիր սահմանագիծը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումն է: «Նրանք պնդում են այդ հարցում, չնայած այդ միջոցն այնքան էլ ընդունելի չէ Եվրամիության որոշ մայրաքաղաքների համար»,- ասել է աղբյուրը:

Սպասվում է, որ ԵՄ-ի չափանիշներին համապատասխանության հարցում Թուրքիայի առաջընթացի մասին ամենամյա զեկույցը հրապարակվելու է նոյեմբերի 5-ին. Եվրահանձնաժողովը որոշել է դրա հրապարակումը հետաձգել Թուրքիայում նախանշված ընտրությունների պատճառով:

Զեկույցի նախագծում, որը հոկտեմբերի 28-ին հրապարակել է Reuters գործակալությունը, քննադատություն կա Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին՝ լրատվամիջոցների ազատության եւ դատարանների անկախության դեմ ոտնձգությունների պատճառով: Նշվում է, որ 2014 թվականից ի վեր դատական համակարգի անկախության առումով հետընթաց է արձանագրվել:

EU Observer-ի վերլուծաբանները նշում են, որ Եվրամիության կառույցները նախ հրաժարվել են քննադատել փախստականների հարցի շուրջ բանակցություններում Անկարայի գործողությունները: Չնայած որոշ հայտարարություններին, ԵՄ աղբյուրները հավաստում են, որ Բրյուսելը մտադիր է հնարավորինս բարեհաճ լինել Թուրքիայի հարցում: «Էրդողանը Հանձնաժողովին չի խնդրել լռություն պահպանել: Հենց ԵՄ կառույցներն են եվրոպական որոշ մայրաքաղաքների հետ մրցում, թե ով կարող է Անկարային ավելին տալ եւ ով կարող է ամեն ինչ անել՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար»,- պնդում է աղբյուրը:

Նրա կարծիքով, Թուրքիան գտնվում է մի իրավիճակում, երբ կարող է ԵՄ-ից մշտապես ավելին խնդրել, ճնշում գործադրել՝ ավելի շատ զիջումներ ստանալու համար: Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Եվրամիության ներողամտությունը կապված է փախստականների ճգնաժամի լրջության հետ. ԵՄ պաշտոնյաները կարծում են, որ եվրոյի ճգնաժամը ոչինչ էր այսօրվա խնդիրների համեմատությամբ: «Ժամանակ փախստականների թիվը սպառնալիք է ԵՄ գոյության համար»,- ասել է նա: