Թուրքիայի Մանիսա նահանգի Քյոփրուբաշը շրջանի կրթության վարչության պետ Մուսթաֆա Քարամազը ուսուցիչներից եւ աշակերտների ծնողներից sms-ով ձայն է պահանջել «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համար նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մազլում Նուրլուն խորհրդարանում Կրթության նախարարին հարցադրում է ուղղել՝ Մանիսա նահանգի Քյոփրուբաշը շրջանի կրթության վարչության պետի կողմից դպրոցների ուսուցիչներից եւ աշակերտների ծնողներից sms-ով իշխող կուսակցության համար ձայներ պահանջելը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, թե Քյոփրուբաշըի կրթության վարչության պետը ճնշում է գործադրում ուսուցիչների եւ ծնողների վրա, ինչի պատճառով իրենք մեծ թվով բողոքներ են ստացել քաղաքացիներից։
Մազլում Նուրլուն իր հարցադրման մեջ հետաքրքրվել է, թե արդյոք միջոցներ ձեռնարկվո՞ւմ են sms-ով ձայներ պահանջող կրթության վարչության պետին պաշտոնից հեռացնելու կամ փաստի առթիվ հետաքննություն սկսելու ուղղությամբ։




























