Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ գտնվող հողատարածքում թաղված, համոզված է, որ առաջին կնոջից ունեցած դստերը 7 տարի առաջ իր երկրորդ կինը չի սպանել: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը պատմեց, որ նամակով դիմել է քննիչին ու խնդրել ազատ արձակել սպանության համար մեղադրվող կնոջը:
«Ես քննիչին գրել եմ՝ որտեղ որ մենք ապրում էինք, կային մորմեր, կարիճներ, առնետներ: Բացի այդ՝ երբ երեխան մոր մոտ չէր լինում, շատ բարձր ձայնով լաց էր լինում, շունչը կտրվում էր համարյա: Հնարավոր է՝ երբ մենք տանը չենք եղել, երեխային միջատ է կծել, կամ մայրս ու Արմինեն շատ ուշադիր չեն եղել, նա լացել է, լեզուն է կուլ գնացել, կամ շունչը կտրվել է, մահվան հազար ու մի պատճառ կարող է լինել: Բայց բացառվում է՝ Արմինեն իմ երեխային սպաներ, Արմինեն անմեղ է»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ թեեւ մայրը սկզբում ասել է՝ թե Արմինեն է երեխային քարով հարվածել ու սպանել, հետո ասել է, որ նման բան չի տեսել: Հակոբն այժմ սպասում է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրա խոսքով՝ եթե անգամ ապացուցվի, որ երեխային սպանել են, նա չի հավատա դրան:
«Անգամ նման դեպքում ես կմտածեմ, որ ինչ-որ բան էն չի: Ինքը ասել է քննիչին, թե նման բան է արել, բայց դա վախից է ասել»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ 7 տարի առաջ, երբ երեխան մահացել է, ինքը որոշել է նրան հողամասում թաղել, որովհետեւ փաստաթղթեր չեն ունեցել, գերեզմանատանը տեղ ստանալը դժվար է եղել:
«Էն ժամանակ մեր վիճակը շատ վատ էր, փաստաթուղթ չունեինք, երեխայիս մայրը՝ Անժելան, անձնագիր չուներ, պիտի տանեինք Ուջան գյուղի գերեզմաններ, բայց էնտեղ էլ կարող է՝ ճանապարհին կանգնեցնեին, փաստաթղթեր ուզեին: Որոշեցինք հողամասում թաղել: Ես դրա մեջ ինչ-որ հանցանք չէի տեսնում, վտանգ չէի տեսնում, մեր երեխան էր»,- ասաց նա:
Երեխայի դիակը հայտնաբերվելուց, Արմինեի կալանավորվելուց հետո Հարությունյանները գետնափորից տնակից տեղափոխվել են հանրակացարան: Արմինեի երկու զավակներին խնամում է Անժելան՝ Հակոբի առաջին կինն ու նրա մյուս երկու երեխաների մայրը:
«Աղջիկը շուտով մանկապարտեզ կգնա, տղան կրքծի կաթ է դեռ ուտում։ Պիտի պահեմ, մեծացնեմ, մինչեւ իրանց մաման գա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անժելան՝ նշելով, որ հանրակացարանում ապրելու պայմանները նորմալ են, սակայն երեխաները հագուստի կարիք ունեն։
Անժելան նույնպես ամուսնու երկրորդ կնոջ դեմ բողոք չունի, ոչ էլ ուզում է, որ նրան պատժեն։
Նշենք, որ 38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ: Նրա մայրը՝ Անժելան, որը երեխայի հոր առաջին կինն է ու ապրում է ամուսնու, իր երկու երեխաների, ամուսնու երկրորդ կնոջ ու նրա երեխաների հետ, պատմել է, որ երեխան մահացել է ամուսնու երկրորդ կնոջ կողմից քարով հասցված հարվածից: Նա ասել է, որ դեպքը պատահել է, երբ ինքը տանը չի եղել, իրեն դրա մասին պատմել է սկեսուրը:
Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, http://news.am/arm/news/291085.html որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափորում տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:





























