BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներին՝ զուգահեռ անցկացնելով Սան Մարինոյի հետ: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ նախագծի համաձայն՝ համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով ընտրված Ազգային ժողովը պետք է կազմված լինի նվազագույնը 101 պատգամավորից: Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության դեպքում առաջարկվում է քվեարկության երկրորդ փուլ անցկացնել, որին կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններ: Երկրորդ փուլի հաղթողը լրացուցիչ մանդատներ կստանա:

Տարածաշրջանային հետազոտությունների հայկական վերլուծական կենտրոնի համաձայն, եթե այս հանրաքվեն հավանության արժանանա, ապա Սան Մարինոյից հետո Հայաստանը կդառնա այդպիսի կառավարման համակարգ ունեցող երկրորդ երկիրը:

Քննադատները նշում են, որ այդպիսի համակարգը ճնշում է խորհրդարանական հանրապետության ժողովրդավարական առավելությունները եւ ամրապնդում մեկ կուսակցության ազդեցությունը, քանի որ ընտրությունների երկրորդ փուլն ուժեղ կուսակցությանը թույլ կտա ճնշել ավելի փոքրաթիվ մրցակիցներին:

Ընդդիմության հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ սահմանադրական այս փոփոխություններն արվում են՝ 2018 թվականին նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանին իշխանության գլուխ պահելու համար:

Եթե այս կառուցողական փոփոխություններն ընդունվեն, դա Սարգսյանին թույլ կտա երկիրը կառավարել կա՛մ որպես խորհրդարանի խոսնակ, կա՛մ որպես վարչապետ, ինչպես նաեւ իշխանությունում կամրապնդի նրա քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքերը: