Հարկավոր է միշտ հիշել Հայոց ցեղասպանության մասին. դա շատ կարեւոր է ապագայում նման ողբերգությունները կանխելու տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Կամբոջայի Թագավորության կրթության, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Հանգ Չուոն Նարոնը: Ներկայացնում ենք կամբոջացի նախարարի հետ հարցազրույցը:
Պարոն նախարար, ինչպե՞ս կգնահատեք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի Ցեղասպանությունը վերջապես ճանաչի նաեւ Թուրքիան:
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին: Կցանկանայի համերաշխությունս հայտնել Հայաստանի ժողովրդին, քանի որ Կամբոջայում նույնպես ցեղասպանություն է տեղի ունեցել: Ո՛չ բոլոր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի արել նաեւ Թուրքիան: Բայց կարծում եմ, որ մենք պետք է միշտ հիշենք այդ ողբերգությունը, քանի որ դա շատ կարեւոր է ապագայում նման ողբերգությունները կանխելու տեսանկյունից: Անհրաժեշտ է նաեւ դեպի ապագա նայել: Կարծում եմ՝ հայ ժողովուրդը հրաշալի ապագա ունի: Դուք հրաշալի ժողովուրդ եք:
Ինչպիսի՞ն պետք է լինի ադրբեջանական կողմից հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին միջազգային հանրության արձագանքը:
Ղարաբաղյան հակամարտությունը Խորհրդային միության փլուզման պատճառներից մեկն է: Միխայիլ Գորբաչովն այն ժամանակ չկարողացավ լուծել այդ հարցը: Եթե խնդիրը լուծվեր այն ժամանակ, հիմա իրավիճակն այլ կլիներ: Կարծում եմ՝ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Երբեմն դա շատ դժվար է, բայց մենք պետք է հիշենք, որ երկու կողմերն էլ պետք է ամեն ինչ անեն՝ խնդիրը լուծելու համար: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքների սկզբունքների հիման վրա: Կարծում եմ, որ աշխարհում հիմա բազմաթիվ թեժ կետեր կան: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ խաղաղությունը պահպանելու եւ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Պետությունները չպետք է ղարաբաղյան խնդիրն օգտագործեն տարածաշրջանում, հատկապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ապակայունացնելու համար:
Ո՞ր ոլորտներում Հայաստանի եւ Կամբոջայի միջեւ հարաբերությունների զարգացման պոտենցիալ կա:
Կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման պոտենցիալ ունենք: Առայժմ նախանշված ծրագրեր չկան, բայց կարծում եմ, որ ապագայում կարելի է ուսանողների, դասախոսների, փորձի փոխանակում կատարել: Մշակույթի ոլորտում նույնպես միմյանց ցույց տալու բան ունենք: Մեր երկրների միջեւ տնտեսական կապեր գրեթե չկան, որովհետեւ հեռու ենք միմյանցից: Սակայն կարելի է Հայաստանի եւ Կամբոջայի միջեւ համագործակցություն զարգացնել դիվանագիտության, տուրիզմի ոլորտներում:




























