Քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել ընտրությունների նկատմամբ վստահության մթնոլորտ, դրանց արդյունքների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, հենց այդ պատճառով հասարակության մեջ ամրանալու է կարծիքը, որ իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսը քվեարկության արդյունքները խեղաթյուրելու համար:

«Մենք պետք է լուծենք այդ խնդիրը եւ մի քանի տարբերակ ենք առաջարկել. Մեր կուսակցությունը միշտ հանդես է եկել մատները թանաքոտելու օգտին, եւ եթե ուզում ենք թափանցիկ ընտրություններ անցկացնել, պետք է գնանք այդ քայլին»,-ասել է Ռուստամյանը:

Նա նաեւ առաջարկել է զրկել մարդկանց նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորությունից, դրա փոխարեն նրանց թույլ տալ վերականգնել անձնագիրը: «Եթե մենք չկարողանանք վերահսկողություն հաստատել ընտրատեղամասերում, մնացած ամեն բան անիմաստ կդառնա»,-խոստովանել է Արմեն Ռուստամյանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ նույնիսկ օրենսդրության բոլոր նորմերին հետեւելու դեպքում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը չի մեծանա: Միաժամանակ, ըստ պատգամավորի, իրավիճակը կարող է բարելավվել սահմանադրական փոփոխությունների ընդունունից հետո, երբ երկրում տեղի ունենա պետական կառավարման ձեւի փոփոխություն: