Ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնի գրպանի ոսկե ժամացույցը Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է 137 հազար դոլարով։ Ժամացույցը վաճառքի է հանել գեներալի թոռը՝ Ռոբերտ Փաթոնը։ Լոտը գնել է անհայտ մի գնորդ։ Այս մասին հայնտում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

1909թ. արտադրության Five Minute Repeater ժամացույցը Փաթոնը նվեր էր ստացել ծնողներից Վեսթ Փոյթի ռազմական ակադեմիան ավարտելու կապակցությամբ։ 1945թ. գեներալի մահից հետո ժամացույցը 70 տարի շարունակ սերնդեսերունդ անցել էր նրա ժառանգներին։

Փաթոնի հուշերի համաձայն՝ այդ ոսկե ժամացույցն արժեր 600 դոլար, սակայն ծնողները գնել էին 350 դոլարով, քանի որ Tiffany & Co-ի համար աշխատող ժամագործն այն ավելի բարակ էր ձուլել, քան սովորաբար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Փաթոնը ԱՄՆ շտաբի գլխավոր գեներալներից մեկն էր։ Նրա Ֆրանսիայում ընթացող մարտերի ժամանակ ղեկավարում էր նոր տանկային կորպուսը։