«Արմավիր» ԲԿ-ում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա փոքրիկի մահվան մեջ մեղադրվող, Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի աշխատանքը շարունակելու նպատակահարմարության հարցը քննարկվելու է նոյեմբերի 2-ին կայանալիք նիստում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

«Մենք դեռ գրությունը չենք ստացել նրան մեղադրանք առաջադրելու մասին: Երկուշաբթի մինչեւ կեսօր կստանանք, որից հետո որոշում կկայացնենք՝ Անահիտ Պետրոսյանը կշարունակի աշխատել մեզ մոտ, թե ոչ»,- ասաց Սարգիս Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իրենք հիվանդանոցի կանոնակարգի համաձայն՝ բուժաշխատողն ազատվում է աշխատանքից, եթե նրա մեղավորությունը դատարանով ապացուցված է:

«Եթե ազատենք էլ, մենք կբացատրենք, թե ինչու ենք նման քայլի դիմում»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Նշենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները մահվան պաշտոնական վարկածին չեն հավատում, նրանք ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործն արդեն դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ։