ԲՀԿ-ն երբեք դեմ չի եղել սահմանադրական փոփոխություններին, մենք հայտարարել ենք միայն այն մասին, որ դրանք անժամանակ են։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեռեւս նման կառուցվածքային փոփոխությունների ժամանակը չէ։ «Հիմա մենք այդ փոփոխությունները կարեւոր եւ լուրջ քայլ ենք համարում քաղաքական դաշտի կայացման համար։ Կյանքը ցույց կտա, թե ով եւ ինչպես կկարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է պատգամավորը։ Մելքումյանը  նշել է, որ երկրում քաղաքական մենիշխանություն է տիրում, որը կենտրոնացած է նախագահի ձեռքում, իսկ այդ իրավիճակը կարող են փոխել միայն սահմանադրական փոփոխությունները։