Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, որը հոկտեմբերի 7-ին վրաերթի էր ենթարկվել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Նա հայտնեց, որ Ջուլիետա Վիրաբյանը վիրահատվել է, վիճակը կայուն է եւ արդեն դուրս է գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին, 08։50-ին, փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել Վահան Մարտիրոսյանի մայրը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ջուլիետա Վիրաբյանի խոսքով՝ ինքն անզգույշ է եղել՝ փողոցն անցնելիս: Հիշեցնենք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ եւ երեխայի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել:

Մինչեւ Ադրբեջան փախչելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ինչն ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր: