Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ եւս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչեւ տնօրեն, ասպիրանտից մինչեւ պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարեւորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի եւ արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարեւորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:

Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը:

Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի»: