Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հերքել է Վահան Խալաֆյանի մահվան գործով դատական վերջին նիստի ընթացքում գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը¸ ըստ որի նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է:
ՀՔԾ մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում է, որ իր ղեկավարների դեմ ցուցմունք տալու առաջարկության վերաբերյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. դրանով նա ուղղակի նպատակ է հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից կամ խուսափել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածի սանկցիայով դատապարտվելուց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի նիստում ոստիկանության ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական վարչության նախկին պետ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն «ուղղակի ճնշում է գործադրել» ամբաստանյալներ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի վրա, որ «եթե սենց չանեք, դուք էլ կկալանավորվեք»:
Աշոտ Հարությունյանը հայտարարել է, թե իրականությունը թաքցնելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը փորձել է գործարքի մեջ մտնել նաեւ իր հետ` առաջարկելով ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ:




























