Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային  հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է չորս տասնյակից ավելի ձկնաբուծական տնտեսություններում  իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Աշխատանքային խումբն արձանագրել է, որ դեռեւս մտահոգիչ է մնում  ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը, ինչի հետեւանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու եւ ոռոգման ջրամատակարարումը: Խորքային հորերի ապօրինի հորատման, սահմանված քանակից ավելի ջրօգտագործման դեպքերի հայտնաբերման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության կողմից Արարատյան դաշտավայի ձկնաբուծական տնտեսություններում ստուգումները շարունակելու համար որոշվել է դիմել վարչապետին:

Որոշվել է նաեւ, որ խնդիրն առաջիկայում կուսումնասիրվի տեղերում եւ, մասնավորապես, այն համայնքներում, որտեղ ձկնաբուծական տնտեսությունների գործունության հետեւանքով դժվարություններ են առաջացել այլ նպատակով խորքային հորերի շահագործման առումով: Կարեւորվել են ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերի ապօրինի հորատման կանխարգելման, սահմանված չափաքանակին համապատասխան ջրօգտագործման, ինչպես նաեւ ջրահեռացման հանգույցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու հարցերը: