Ցմահ ազատազրկվածների ծնողները, որոնք պայքարում են իրենց որդիների գործերի վերանայման ու վերաբացման համար, առաջնահերթ չեն համարում ցմահ ազատազրկվածների ժամադրությունների թիվը կրկնապատկելը, ինչի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը օրինագիծ է մշակել եւ շուտով կներկայացնի ԱԺ:  

«Լավ բան է, բայց մեր պահանջի, մեր պայքարի հետ դա կապ չունի: Էդ մեր վերքերին դարման չի, մեր վերքը շատ խորն ա, իրանք չեն հասկանում երեւի: Երեւի մեզ լռեցնելու համար են ուզում տենց, բայց  մենք չենք լռելու, մեր ուզածը գործերը վերանայելն է: Մենք կարող ենք անգամ զոհաբերել, իրենց նույնիսկ չտեսնել, թող մենակ վերանայեն մեր գործերը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտվածներից մեկի մայրը` Վարսենիկ Ղազարյանը:

Վարսենիկ Ղազարյանը նշեց, որ ներկայում ցմահ ազատազրկվածներին թույլատրվում է տեսակցել տարվա մեջ երեք անգամ` մի քանի ժամով եւ մեկ անգամ երկար ժամանակով` մի քանի օրով։

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ, նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին: Դատապարտյալները հոկտեմբերի 27-ին պետք է կրկին հացադուլ սկսեին, սակայն նրանք հարազատներին փոխանցել են, որ մեկ ամսով հետաձգում են այն: