ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթն անդրադառնում է ՀՀ միգրացիոն իրավիճակին, միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության նպատակին ու սկզբունքներին, միգրացիայի պետական կարգավորման  քաղաքականության հիմնախնդիրներին, դրանց լուծման հիմնորոշ ուղղություններին: ՀՀ կառավարության գործունեության ծրագրի համաձայն` փաստաթուղթը դեկտեմբերին պետք է ներկայացվի կառավարություն: Գ. Եգանյանը տեղեկացրել է նաեւ, որ նախագիծը փորձաքննության կենթարկվի միգրացիայի ոլորտում Եվրամիության ընդունված չափորոշիչներին համապատասխանության տեսակետից: Այս նպատակով կհրավիրվի միջազգային փորձագետ` Եվրամիության TAIEX ծրագրի շրջանակում:

Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն եւ որոշվել  ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին` առաջարկություններ ստանալու համար:

Բացի այդ, նույն նիստում ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը  ներկայացրել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման եւ շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա  ծրագրի մշակման նպատակով նախատեսվող աշխատանքները: 

Բարեփոխումների ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Նախատեսվում է ծրագրի  նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել 6 ամիս հետո:  Բարեփոխումների ծրագրի մշակման համար  աշխատանքային խումբը կհիմնվի արդեն առկա մի շարք փաստաթղթերի վրա, այդ թվում`

ՀԲ-ի անկախ փորձագետի  կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված  «Հայաստան. Բազմաբնակարան բնակֆոնդի վերանորոգումը եւ պաշտպանությունը» առաջարկությունների փաթեթի վրա: