Օգոստոսի սկզբին աշխատանքից հեռացված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսները պահանջում են իրենց բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ հիմքով են իրենց ազատել աշխատանքից: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանցից անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանը նշեց, որ իրենց հեռացման պատճառն, իբր, Բրիտանական խորհրդի վերապատրաստման դասընթացն անհաջող ավարտելն է, սակայն նա ցույց տվեց Բրիտանական խորհրդի հավաստագիրը, որտեղ նշված է, որ ինքը ավարտել է դասընթացը եւ ստացել է ամենաբարձր գնահատականը: Գ. Հակոբյանը երաշխավորագիր ունի նաեւ անձամբ իրեն հեռացնող ռեկտորից, որտեղ նշված է, որ ինքն օժտված է գիտելիքների եւ հմտությունների բարձր մակարդակով:
Աշխատանքից հեռացված մեկ այլ դասախոս, ֆրանսերենի ամբիոնից Նարինե Կոխտիեւան էլ նշեց, որ ցանկացած հեռացում պետք է կատարվի ատեստացիայի միջոցով՝ հանձնաժողովի որոշմամբ, ինչը չի արվել 29 դասախոսներից գոնե մեկի դեպքում: Նրանց անգամ չեն կանչել ու բացատրություն տվել, թե ինչու են հեռացնում: «Եթե մեզ կանչեին, ասեին՝ ինչ խնդիր կա, մենք էլ ինչ պիտի անեինք, կստորագրեինք, կհեռանայինք, բայց մեզ նույնիսկ մարդու տեղ չդրեցին»,- վրդովված հայտարարեց ֆրանսերենի դասախոսը:
Նշենք, որ 29 հեռացվածներից միայն 14-ն են դիմել դատարան` վիճարկելու համալսարանի ղեկավարության որոշումը։ Գայանե Հակոբյանի խոսքով, նրանք, ովքեր չեն դիմել դատարան, հիմնականում տարբեր պաշտոնյաներ են, ովքեր չեն ցանկանում, որ իրենց անվան շուրջ աղմուկ բարձրանա, եւ ֆրանսիական համալսարանի դասախոսի ստացած աշխատավարձը նրանց համար ֆինանսական առումով կորուստ չէ:
Իրավաբան Մարատ Ատոմյանը դատական հայցի վերաբերյալ նշեց, որ դրանով դասախոսները վիճարկում են այն հանգամանքը, թե ինչու պայմանագրի ժամկետի ավարտից հետո դասախոսների հետ նոր պայմանագիր չի կնքվել։ Նրա խոսքով, դասախոսների հեռացումն արվել է օրենքի կոպիտ խախտումներով, քանի որ անգամ եթե դասախոսներից կարգապահական կամ մասնագիտական պատրաստվածության հետ կապված դժգոհություններ են եղել, այդ խնդիրները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով եւ դրա համար չի կարելի աշխատանքից ազատել:
Մամուլում լուրեր էին շրջում, ըստ որի, դասախոսներին առաջարկվել է անդամակցել ՕԵԿ-ին, եւ մերժում ստանալուց հետո նրանց ազատել են աշխատանքից: Այս կապակցությամբ հեռացված դասախոսները նշեցին, որ իրենց որեւէ նման առաջարկ չի արվել: Նրանք սպասում են դատական գործընթացին, իսկ մինչեւ այդ նամակներ են ուղարկել ԿԳ նախարարին, ՀՀ օմբուդսմենին, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, սակայն որեւէ արձագանք չեն ստացել:




























