Արմավիրի մարզի Արեւիկի գյուղապետարանի մոտ հոկտեմբերի 28-ին իրենց խաղողի բերքն իրացնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող խաղողագործները մինչեւ այսօր չեն կարողացել իրացնել իրենց բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Մարտիկ Մուրադյանը՝ նշելով, որ գյուղացիները իրենց հույսը չեն կորցնում եւ սպասում են, որ Արեւիկի գյուղապետը ինչ-որ ձեւով կկարողանա խնդրին լուծում տալ:
«Բանակցում ենք մի քանի գործարանների հետ, վաղը կպատասխանեն, արդյոք կկարողանան մեր բերքն իրացնել, թե ոչ: Իմ իմանալով, Պռոշյանի կոնյակի-գինու գործարանն արդեն մի քանի գյուղացու բերք իրացրել է »,-ասաց Մարտիկ Մուրադյանը՝ նշելով, որ իրենց հավաքած խաղողի բերքի 50 տոկոսն արդեն փչացել է եւ հնարավոր է, որ ոչ մի գործարան էլ այն չընդունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործներն հոկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց խաղողի մթերման խնդիրը:





























