Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման եւ 224 մարդու զոհվելու ողբերգական դեպքի առիթով NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, Հայաստանի Օդաչուների ասոցիացիայի ղեկավար Դմիտրի Ադբաշյանի հետ՝ խնդրելով պարզաբանել ողբերգության պատճառների վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող որոշ ենթադրություններ եւ պնդումներ:
Պարոն Ադբաշյան, լրատվամիջոցներում որոշակիորեն կենտրոնանում են կործանված օդանավի տարիքի շուրջ: Իրականում 18 տարին շա՞տ է ինքնաթիռի համար:
Օդանավի տարիքը հարաբերական երեւույթ է: Երբ ինքնաթիռը դուրս է գալիս գործարանից, կարող է տարբեր փոփոխությունների ենթարկվել, համակարգեր փոխվել: Ինքնաթիռի կմախքը կարող է նաեւ 50 տարուց ավելի ծառայել, ինչպես, օրինակ, ռազմական ինքնաթիռների պարագայում: Սակայն ինքնաթիռի «ներքին օրգանները», բլոկները, էլեկտրոնիկան փոխվում են: Չեմ կարծում, որ օդանավի տարիքը կարող է կապ ունենալ ողբերգության հետ:
Նույն լրատվամիջոցներից հայտնի է, որ կործանված ինքնաթիռի հետ 2001 թվականին միջադեպ է տեղի ունեցել, երբ Կահիրեի օդանավակայանում վայրէջքի ժամանակ պոչով դիպել է թռիչքուղուն: Փորձագետների վարկածի համաձայն, դա կարող էր փոքր ճեղքվածքներ առաջացնել, որոնք էլ հանգեցրին այս ողբերգությանը:
Ավիացիայում այդպիսի միջադեպեր լինում են: Համապատասխան ստուգումներից հետո օդանավը չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստանում: Այլ հարց է, եթե վնասվել են կմախքի որոշ տարրեր, իսկ վերականգնման աշխատանքները մակերեսորեն են արվել եւ խնդիրը չի հայտնաբերվել, ապա դա կարող էր հետագայում օդում ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ: Ես ինքս էլ հակված եմ այն վարկածին, որ օդանավն օդում է կործանվել: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ ինքնաթիռի մնացորդները ցրված են մեծ տարածության վրա: Բայց թե ինչն է եղել կործանման հստակ պատճառը, պայթյունը, թե՞ միկրոճեղքերը, կպարզի հետաքննությունը:
Ձեր կարծիքով, գոյություն ունեցող պատկերի հիման վրա կարելի՞ է որեւէ եզրակացություն կամ ենթադրություն անել անձնակազմի գործողությունների եւ օդաչուների ենթադրվող սխալների մասին:
Անձնակազմը, ամենայն հավանականությամբ, մեղք չունի, պարզապես չի կարողացել ոչինչ անել: Փորձառու անձնակազմ է եղել: Օդանավը հանգիստ թռչել է, բարձրություն հավաքել: Եվ հանկարծ ողբերգություն է տեղի ունեցել: Եթե պոչի հատվածն է պոկվել, ապա պայթյունի արդյունքում նրանք նույնիսկ չէին հասցնի աղետի ազդանշան ուղարկել:
Փոքր-ինչ տարօրինակ է, որ օդանավի արագությունը կտրուկ ընկել է, բայց այդ փաստը նույնպես կարող է համընկնել օդում ինքնաթիռի կործանման տարբերակի հետ:
Զրուցեց՝ Մարիամ Լեւինան





























