Հայ հեղափոխական դաշնակցության համար առավել կարեւոր են ոչ թե Սահմանադրական փոփոխությունները, այլ դրանց ընդունումը հնարավորինս նորմալ հանրաքվեի միջոցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանմ ժամանակ նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Մեզ համար որքան որ կարեւոր են հանրապետությունում Սահմանադրական փոփոխությունները, առավել կարեւոր է, որ այն ընդունվի հնարավորինս նորմալ ընտրություններով։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ հարյուր տոկոսով արդար ընտրություններ են լինելու, միեւնույնն է՝ լինելու են խմբեր, որոնք կասեն՝ կեղծվել է հանրաքվեն»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է քարոզչության միջոցով ապահովել 650 հազար ձայն։ Աղվան Վարդանյանը համոզված է, որ եթե Հայաստանում ցանկանան արդար ընտրություններ անցկացնել, ապա միջազգային կառույցները կտրամադրեն համապատասխան գումարը:
Նշենք, որ խմբակցություններից Սահմանադրական փոփոխություններին կողմ են նաեւ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, սակայն այդ ուժերն առանձին քարոզարշավներ են իրականացնում։ Քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։





























