Սոցիալական դժվար վիճակը սահմանադրական փոփոխությունների հետ կապելը ճիշտ չէ, քանի որ սոցիալական վիճակը պայմանավորված է եղել տարածաշրջանային տնտեսական վիճակով, իսկ Սահմանադրությունը միտված է ապագային։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Սոցիալական վիճակը կապված է նաեւ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետ: Իշխանությունների կողմից կատարվեց ամեն ինչ՝ կանխելու ավելի վատ սպասումները։ Շնորհիվ ճկուն քաղաքականության, մենք կանխել ենք ավելի վատ սպասումները»,- ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ քաղաքացիներն իշխանություններին չեն վստահում եւ հենց նրանց դեմ լինելու համար էլ «Ոչ» են ասելու այդ փոփոխություններին, Բաղդասարյանն արձագանքեց. «Բա ո՞ւմ են վստահում քաղաքացիները, ընդդիմությա՞նը, որը գոյություն չունի։ Չկա ընդդիմություն, հիմա մենք պիտի չարչարվենք մի հատ էլ ընդդիմություն ստեղծենք, որպեսզի լինի կառուցողական, ոչ թե հայհոյող, այլ գաղափարական եւկառուցողական ընդդիմություն։ Ասում են՝ Հանրապետականը հզոր է, ուժեղ է, ինչ ուզում անում են, բա էդ ումո՞վ ենք հզոր ու ուժեղ, ժողովրդով ենք ուժեղ»:
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ յուրաքանչյուր նորմալ իշխանություն եթե ունենում է գաղափարական հզոր ընդդիմություն, ավելի զգոն է լինում եւ ավելի հեշտ կառավարում երկիրը։ «Ընդդիմություն չլինելու պարագայում, անկախ այն ամենից՝ ով ուզում է իշխանության լինել, դա կարող է աստիճանաբար անարխիայի վերածվել»,-ասաց նա։
Հարցին, թե նոր ընդդիմություն ձեւավորելու ուղղությամբ իշխանությունն արդեն քայլեր անո՞ւմ է, պատասխանեց․ «Եթե տեսնում ենք ընդդիմությունը անզոր է, չի կարողանում, ստիպված մենք պիտի միջամտենք։ Հիմա էլ պիտի ասեն՝ իշխանությունն իր համար ընդդիմություն է ստեղծում»։





























