Ադրբեջանի հետ սահմանին եւ ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության շփման գծում լարվածությունը նվազել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, վերջին երկու շաբաթներին հակառակորդը շատ քիչ է կրակում խոշոր տրամաչափի զենքերից, մասնավորապես ականանետերից. օրական գրանցվում է 5-10 ականանետային կրակոց:
«Ներկա համեմատաբար հանգիստ իրավիճակը կարելի է կապել մեր հարեւանների ներքին խնդիրների հետ, մասնավորապես, ընտրությունների (նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել-խմբ): Այդուհանդերձ, ինպիսին էլ լինի իրավիճակը, համեմատաբար լարված թե խաղաղ, մեր զինված ուժերը ապահովում են պաշտպանունակությունը»,-հավելել է նախարարը:





























