Պարզվում են Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարից տուժածների եւ զոհերի անունները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի Տուլայի մարզի ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների  կառավարման կենտրոնից։ 

Կենտրոնի հերթապահ ներկայացուցչի խոսքով, ավտովթարի հետեւանքով  8 մարդ է զոհվել։ Եվս 36 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Ավտոբուսի սրահում  43 մարդ է եղել։ Ինչպես տեղեկացրել են Կենտրոնից, ոչ բոլոր զոհվածների ինքնությունն է պարզվել, դա է պատճառը, որ ԱԻՆ-ից չկարողացան անուններ հայտնել։ Տուժածների անձը պարզվում է։  «Տուժածներից ոմանք ծանր վիճակում են», - նշել են կենտրոնում։

Ճանապարհապարեկային ծառայության ներկայացուցիչների տվյալներով, վթարի պատճառ է դարձել այն, որ վարորդը քնել է ղեկի մոտ։

Բարեբախտաբար, ավտոբուսի սրահում երեխաներ չեն եղել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսը շրջվել էր Տուլայի մարզի Մ4 «Դոն» ավտոմայրուղու վրա։