Ամերիկյան Stratfor վերլուծական գործակալության փորձագետների կարծիքով Եգիպտոսում A321 ուղեւորատար օդանավի կործանման հիմնական պատճառը օդանավ բարձրացրած պայթուցիկ սարքն է եղել։ Գործակալության զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 2-ի երեկոյան։ «Հաշվի առնելով այլընտրանքային սցենարների քիչ հավանականությունը՝ թվում է, թե ամենահավանական բացատրությունը օդանավում պայթուցիկ սարքի առկայությունն է»,- նշում են հեղինակները, փոխանցում է «Կորեսպոնդենտ»-ը։

Փորձագետների կարծիքով էլեկտրական սարքավորումների անսարքությունը չէր կարող վթարի պատճառ դառնալ։ Այդ դեպքում օդաչուները կարող էին մանեւրել, եւ օդանավը կարող էր առանց աղետալի հետեւանքների տեղ հասնել, կարծում են զեկույցի հեղինակները։ Նրանց կարծիքով քիչ հավանական է, որ օդանավը խոցված լինի գրոհայինների կողմից, քանի որ զենքի դիապազոնից դուրս է գտնվել։

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա»-ի օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում։ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի բոլոր 224 ուղեւորները զոհվել են։