ՌԴ Տուլա քաղաքի մոտ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը «Դոն» ավտոմայրուղում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից տուժած Ապրես Ասրյանն Արարատի մարզի Սիս համայնքից է:

NEWS.am-ի թղթակցին գյուղապետարանից հայտնեցին, որ Ասրյանն արդեն մի քանի ամիս աշխատում էր Մոսկվայում:

«Մի քանի ամիս առաջ էր մեկնել Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Աշխատանքն ավարտել էր եւ վերադառնում էր Հայաստան, որ ձմեռն ընտանիքի հետ անցկացնի»,- ասացին գյուղապետարանից:

Ապրես Ասրյանի վիճակի մասին հարազատները դեռ ոչինչ չգիտեն: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Ասրյանը ստացել է կողերի կոտրվածք;

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում նոյեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ եւ 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:

LifeNews-ի փոխանցմամբ, ավտոբուսը բախվել է ժայռին ու շրջվել: Ռուսաստանի ՆԳՆ-ում երկու հիմնական վարկած են քննարկում. ավտոբուսի անսարքություն եւ վարորդի կողմից ղեկին քնելու հանգամանք:

Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «ՔԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին: