Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 7-ը դուրս են գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ արդեն դեպքի վայր են մեկնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն ու ՌԴ-ի ԱԻՆ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
«Higer մակնիշի ավտոբուսը ՌԴ-ի ժամանակով 02:08-ի սահմաններում վթարի է ենթարկվել: Ավտոբուսում եղել են 59 ուղեւոր եւ 2 վարորդ: 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց, եւս 7-ը հոսպիտալացվել են, ստացել համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել»,- ասաց Խանգելդյանը:
Նրա խոսքով՝ տուժածներից 9-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, եւ դժբախտաբար, չի բացառվում, որ վիճակագրությունում լինեն փոփոխություններ:
«Զոհերի անունները դեռ չունենք, ինչպես նաեւ տուժածներից մի քանիսինը: ՏԿԱԻ նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվելու է ՃՏՊ-ի հարցերով»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է վթարի մանրամասներին, ՏԿԱԻՆ պաշտոնյան նշեց, որ ավտովթարի պատճառների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Նշենք, որ ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցեւի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, եւ ավտոբուսը 200 մետր մի մայթեզրից մյուսին է բախվել։
Հիշեցնենք, որ ավտոբուսը պատկանում է «Քինգ Դելյուքս» ընկերությանը:





























