«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանը տուժող է ճանաչվել իր վրա հարձակվելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով Այս մասին NEWS.am-ին հայտնեց ազատամարտիկ՝ հավելելով, որ երեկ իր եւ իր վրա հարձակվողի միջեւ առերեսում է տեղի ունեցել:
«Հեքիաթներ պատմեց, բացարձակ սուտ վկայություն տվեց, ես ասացի, եթե ես եմ սուտ վկայություն տալիս, պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,-ասաց Սամսոն Ղազարյանը:
Ազատամարտիկը, ելնելով նախաքննության շահերից, այլ մանրամասներ չհաղորդեց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը Երեւանի Մամիկոնյանց փողոցում 2015թ. հոկտեմբերի 21-ին, ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունում հետաքննություն էր ընթանում:





























