Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարից անմիջապես հետո երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր,  «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի   աշխատակիցները:

Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների հարազատները վաղ առավոտից այցելում են  «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում գտնվող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի գրասենյակ, որտեղ վերջիններին վթարի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն կարողանում հաղորդել՝ վստահեցնելով, որ իրենք էլ են տեղեկություններ ստանում ռուսական լրատվամիջոցներից:

«Քինգ Դելյուքս» ընկերությունից հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ՝ պնդելով միայն, որ իրենց ավտոբուսները նոր են:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՏԿԱԻՆ վերջին տեղեկությունների՝ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի։ Վիրավորներից  9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Ըստ նախնական տվյալների` նոյեմբերի 3-ին, ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ավտոբուսը հաշվառված է Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: