Խորհրդարանի նիստին անհարգալից պատճառով չներկայացող ցանկացած պատգամավորի աշխատավարձից պահումներ են գանձվում։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։
Նա հիշեցրել է, որ դեռ ԱԺ նախկին խոսնակի ( ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի) օրոք որոշում էր կայացվել անհարգալից բացակայության յուրաքանչյուր օրվա դիմաց 30 հազարական դրամ գանձել (պատգամավորի աշխատավարձը 661 հազար դրամ է ՝ մոտավորապես 1400 դոլար)։ Այն հարցին, թե այդ դեպքում որքա՞ն գումար պետք է գանձվի գործարար ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանի աշխատավարձից, որը գրեթե երբեք նիստերին չի ներկայանում՝ խորհրդարանի աշխատակազմի հաշվապահական վարչության ղեկավար Վարդան Թորոսյանը պատասխանեց, որ նրանից նույնքան պահումներ են արվում, որքան մնացածներից։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թորոսյանը պարզաբանեց, որ անկախ նրանից, թե պատգամավորը ինչքան է բացակայում նիստերից, նրա աշխատավարձի 1/3-ից ավելին պահվել չի կարող. հաշվի են առնվում միայն բացակայությունները լիագումար նիստերից, որոնք ամսական 8 օրից ավել չեն տեւում (այսինքն որպես պահում կարող է հանվել 240 հազար դրամից ոչ ավելի): Մնացած օրերի բացակայությունները՝ այդ թվում այն հանձնաժողովների նիստերից, որոնցում պատգամավորը գրանցված է, նրա դրամապանակին չեն հարվածում։





























