ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության նախկին պետ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը կարծում է, որ Եգիպտոսից ՌԴ թռչող օդանավի վթարի ենթարկվելու պատճառն անսարքությունն է եղել։

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման Ադբաշյանը նշեց, որ ինքը հենց առաջին օրն է հասկացել, որ օդանավն օդում է մասերի բաժանվել։

«Ես առաջին օրվանից հասկացա, որ հենց օդում է քանդվել, որովհետեւ օդանավի մասերը գետնի վրա տարածված են 15-20 կիլոմետր, ինչը փաստում է՝ մի վայրում չի ընկել։ Մասերի բաժանվելն էլ իր հերթին առաջացրել է պայթյունավտանգ իրավիճակ, այսինքն, օդանավում օդի ճնշումը 760-ից ընկել է 200-ի, ինչի հետեւանքով մարդիկ միանգամից ուշաթափվել են։ Հենց սա է պատճառը, որ օդաչուներն ի վիճակի չեն եղել ազդանշան տալ»,- ասաց նա։

Մասնագետների վարկածին, թե օդանավը միանգամից է գցել արագությունը, Դմիտրի Աթբաշյանը չի հավատում. «Սպասենք մասնագետների հետաքննությանը, որից հետո կիմանանք իրական պատճառների մասին»։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։