Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վարորդ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածի ձախ գիծ, դուրս եկել ճամփեզր եւ բախվել ձախ մետաղական արգելապատնեշին։ Այս մասին տեղեկացնում է Տուլայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
Դրանից հետո վարորդը դուրս է եկել երթեւեկելի հատված, որտեղ հատել է երթեւեկության 2 գծերը, մտել աջ ճամփեզր եւ բախվել մետաղական արգելապատնեշին ու շրջվել աջ կողքի վրա։ Վթարից զոհվել է 8 մարդ, մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել 32 վիրավոր։ Ավտոբուսում եղել է 2 դեռահաս՝ 16 եւ 17 տարեկան։ Զոհերի թվում անչափահասներ չկան։ Վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Դեպքի վայր են դուրս եկել օպերատիվ քննչական խումբը եւ Ուզլովայայի միջշրջանային դատախազը։
Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 կամ ավելի մարդկանց մահվան։
Գործի հետաքննությունը իր հսկողության տակ է վերցրել Տուլայի մարզի դատախազ Ալեքսանդր Կոզլովը։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 48 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։





























