ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այդ մասին ասել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կմշակվի մի փաստաթուղթ, որը կարտացոլի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը եւ կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը։
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։





























