Նիկարագուան նոր դեսպան ունի Հայաստանում։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Խուան Էրնեստո Վասկես Արայան (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ, եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Հայաստանում Նիկարագուայի դեսպանը նշեց, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կանի առավելագույնը:
Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հրատապ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների։





























