Ռուսաստանի հայերի միությունը խորապես ցավում է նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի առիթով, որի արդյունքում զոհվեցին եւ ծանր վիրավորվեցին Մոսկվայից Երեւան մեկնող ավտոբուսի տասնյակ ուղեւորներ: Այս մասին ասված է NEWS.am-ին ուղարկված ՌՀՄ հայտարարությունում:

«Պատահարի բոլոր հանգամանքների ուսումնասիրությանը զուգահեռ, դեպքի վայրում գործում է նաեւ Ռուսաստանի հայերի միության շտաբը, որի գործունեությունը համակարգում է Ուզլովսկում գտնվող ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

Ռուսաստանի պետական մարմինների եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ ՌՀՄ-ն անհրաժեշտ ամեն ինչ անում է՝ տուժածներին եւ նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, կապ է հաստատվել զոհվածների հարազատների հետ, օգնություն է ցուցաբերվում զոհերի մարմինները հայրենիք հասցնելու կազմակերպման հարցում: Վիրավորներին էլ օժանդակություն է ցուցաբերվում որակյալ բուժօգնություն ստանալու հարցում: Մյուս ուղեւորները տեղավորվել են հյուրանոցներում եւ ըստ անհրաժեշտության կտեղափոխվեն Հայաստան:

Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր այս ծանր րոպեներին համերաշխություն են հայտնում եւ մեզ հետ միասին անում են ամեն ինչ, որպեսզի ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցները միայնակ չզգան այդ սարսափելի ողբերգության առջեւ:

Ռուսաստանի հայերի միությունը ցավակցում է զոհերի հարազատներին եւ մտերիմներին՝ անկեղծորեն կիսելով նրանց վիշտը»,- ասված է հայտարարությունում:

Տուլայի մարզի կառավարության թեժ գծի հեռախոսահամար - 88002007102

Առողջապահության նախարարության Տուլայի մարզի թեժ գծի հեռախոսահամար - 89030360218

ՌՀՄ շտաբի ներկայացուցչի հեռախոսահամար - +79109488271 Գրիգոր Աբելի Արզումանյան