«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ դատապարտյալների մոտից հայտնաբերվել են մի շարք արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչքներ, բաժանորդային քարտեր, Wi Fi սարքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՎ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում գտնվող մի շարք խցերում:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր եւ առարկաներ, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Խուզարկություններ են կատարվել նաեւ ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել խուզարկություն իրականացնող անձինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորներ, ովքեր հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, ինչպես նաեւ, որ անհնազանդության, բռնության կոչեր չեն հնչել, եւ հայտնել են, որ որեւէ մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել:
Միաժամանակ, կատարվել են համապատասխան զննումներ եւ պատժախցերում գտնվող անձանց մոտ որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ գանգատներ չեն ներկայացվել:





























