Հայաստան-ԵՄ ավիացիոն գոտի ստեղծելու վերաբերյալ մանդատի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի մինչեւ տարեվերջ, որին կհաջորդի բանակցային գործընթացը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով, այդ հարցում մի շարք հայկական կառույցների կողմից պատրաստակամություն եւ շահագրգռվածություն կա: «Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման բանակցությունների սկիզբը նախատեսված է մինչեւ տարեվերջ: նա կփոխարինի ներկայիս գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին»,-ընդգծել է Ճշմարիտյանը:

Նա նաեւ նշել է, որ շարունակվում են ԵՄ աշխատանքները Հայաստանի տնտեսությանը շուկայականի կարգավիճակ տալու գործընթացի շրջանակում: «Արդեն համապատասխան զեկույցը ներկայացվել է եվրոպական կողմին: Նախատեսվում է նաեւ «Հորիզոն 2020» համաձայնագրի ստորագրումը»,-հավելել է էկոնոմիկայի նախարարը: