Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասել երկրում արհեստական բախումներ հրահրելու եւ վախի մթնոլորտ ստեղծելու ճանապարհով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հավելելով, որ սխալվել է իր կանխատեսումներում, թե Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս անգամ հաջողության չի հասնի։
«Ես, ինչպես շատերը, սխալվեցի Թուրքիայի ընտրությունների հարցում։ Ես կարծում էի, որ Էրդողանին եւ նրա կուսակցությանը չի հաջողվի հավաքել 50 եւ ավելի տեղեր խորհրդարանում, որն այս ընտրությունների նպատակն էր, բայց նրան հաջողվեց երկրում վախի մթնոլորտ ստեղծել եւ, կարծես թե, ժողովրդին համոզել, որ ինքն է եւ իր կուսակցությունն է, որ երկիրը կտանի կայունության»,-ընդգծեց Արա Պապյանը՝ ավելացնելով, սակայն, որ Էրդողանին չի հաջողվի Թուրքիայում կայունություն հաստատել, բռնության ալիքը կշարունակվի՝ դուրս գալով նախագահի վերահսկողությունից։
Արա Պապյանի կանխատեսմամբ՝ այսուհետ Թուրքիայի հարաբերություններն ավելի կկոշտանան հարեւան երկրների հետ, հատկապես՝ Հայաստանի եւ Սիրիայի հետ, վերջինը սակայն կնպաստի նրան, որ Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները լարվեն, ինչը ձեռնտու է Հայաստանին։
«ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Թուրիքան ինքնուրույն դառնա։ Այդտեղ կարող են մեր շահերը հանդիպել»,-նշեց Պապյանը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որոնց արդյունքում հաղթանակ տարավ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարն է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:





























