Եգիպտոսի Ալեքսանդրիա նահանգի իշխանությունները նոյեմբերի 4-ին արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ կապված հորդառատ անձրեւների հետ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում։ Ջրի տակ է անցել մի քանի բնակավայր, այդ թվում նաեւ՝ երկրի հյուսիսային մայրաքաղաքը՝ Ալեքսանդրիան։
Քաղաքի առանձին շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ մեկ մետր, ջրի տակ են անցել խճուղիներ, արգելափակվել է մեքենաների անցումը շատ թունելներով եւ ավտոմայրուղիներով։ Ջրի տակ է մնացել նաեւ բազմակիլոմետրանոց առափնյա տարածքը։ Քաղաքում ծանր իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ջրթափ ուղիների մեծամասնությունը խցանվել է աղբով եւ կեղտով։ Մի քանի շրջանում էլեկտրամատակարարումը դադարել է էլեկտրամալուխների կտրվելու եւ ենթակայանում հրդեհի պատճառով։ Նավահանգիստն արդեն երկրորդ օրը փակ է։ Իրավիճակի վերահսկման համար օպերատիվ շտաբ է ստեղծվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ալեքսանդրիայի մերձակայքում՝ Բուրգ-ալ-Արաբում եւ Էլ-Ամարիայում արտադրական ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը։ Իշխանությունները վախենում են հոկտեմբերի 25-ի իրավիճակի կրկնությունից, երբ վատ եղանակի պատճառով հյուսիսային մայրաքաղաքում ութ մարդ էր զոհվել, այդ թվում նաեւ՝ երկու երեխա։
Անբարենպաստ իրավիճակը պահպանվում է Վադի-էն-Նատրուն դաշտավայրից դեպի հարավ ընկած տարածքում, որը Բուհայրա նահանգում է։ Անցյալ գիշեր ցածրադիր մի ամբողջ գյուղ է մնացել ջրի տակ։ Քաղպաշտպանության ուժերը կարողացել են աղետի վայրից հանել 72 մարդու։ Տուժածներ չկան։
Իսկ օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն։ Մոտ օրերս երկրի ամբողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում եւ հորդառատ անձրեւներ։





























