Եվրամիությունը իհարկե չի ենթադրում, թե Հայաստանում ինչ-որ բան կարող է կեղծվել։ Այդ մասին նոյեմբերի  4-ին Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի    16-րդ նիստի շրջանակում լրագրողներին ասել է  ԵՄ-ի՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարածաշրջանային համագործակցության, ԵԱՀԿ-ի հետ համագործակցության Եվրոպական արտաքին կապերի  վարչության նախագահ Գունար Վիգանդը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստան-ԵՄ բանակցությունների վրա կազդի, եթե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չընթանա ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ 

Վիգանդի խոսքով, Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել։ «Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի հիման վրա ժողովրդավարական հանրաքվե տեղի կունենա։  Իհարկե, հանրաքվեն պիտի համապատասխանի միջազգային ստանդարտներին, ԵԱՀԿ-ի սկզբունքներին։  Հետեւաբար, մենք նախապես չպիտի մեկնաբանենք հանրաքվեից մեր ակնկալիքները։   Երբ հանրաքվեն տեղի ունենա, մենք կկարողանանք գնահատական տալ», - նշել է Վիգանդը։

Նա հավելել է, որ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կառավարման կիսանախագահական ձեւից խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ։   «Դրա վերաբերյալ եւս մենք չենք կարող մեկնաբանություններ տալ, որովհետեւ մեզ մոտ՝ ԵՄ-ում կան երկրներ, որոնք նախագահական են, եւ այլ երկրներ, որոնք խորհրդարանական հանրապետություններ են եւ նույնիսկ երկներ, որոնք հանրապետություն չեն, բայց   շատ ժողովրդավարական են։ Կարեւորն այն է, թե սահմանադրական փոփոխությունները կհանգեցնե՞ն ժողովրդավարության  եւ   հիմնարար իրավունքների ոլորտում առաջընթացի», - ընդգծել է Գունար Վիգանդը։

Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին։