Մալդիվների իշխանությունները երկրում երեսուն օրով արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել՝ ազգային անվտանգության սպառնալիքի կապակցությամբ, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Սեպտեմբերի վերջին մի միջադեպ էր եղել, որն իրավապահ մարմինները գնահատել են որպես նախագահի վրա կատարված մահափորձ: Նախագահ Աբդուլա Յամինը Մալդիվներ էր վերադառնում Սաուդյան Արաբիայից՝  Մեքքայում ու դրա շրջակայքում մահմեդականների սրբավայրեր կատարած ուխտագնացությունից՝ հաջից հետո: Երբ նավը մոտեցել է մայրաքաղաքին՝ Մալային, պայթյուն է հնչել: Նախագահի կինը ու նրա օգնականը թեթեւ վանսվածքներ են ստացել, նրանց հիվանդանոց են տեղափոխել: Քննչության վարկածով այդ պայթյունը մահափորձ էր նախագահի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նավի պայթյունից հետո Յամինը պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Մուսու Ալի Ջալալային: Նաեւ հետաքննության շրջանակում՝ հոկտեմբերի 24-ին ձերբակալվել է փոխնախագահ Ահմեդ Իդիբը,որին առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք: