Հայաստանը լուրջ հաջողություններ է գրանցել գյուղատնտեսության բնագավառում, հատկապես անասնապահության ոլորտում, սակայն հիմա պետք թ նոր թիրախներ ընտրվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC) համատեղ աշխատախմբի ղեկավար Բեքզոդ Շամսիեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը:

CARMAC 2 ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի եւ անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում եւ ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող եւ շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագրի շրջանակներում մշակված միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2015-2019 թվականների ընթացքում:

Ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարարը մասնավորապես  մատնանշել է գյուղմթերքի շուկայահանման եւ իրացման, սպանդանոցների, սառնարանային տնտեսությունների, կաթի, մսի, պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրամասերի կառուցման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ հաշվառման, ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսության հիմնման եւ հյուսվածքային լաբորատորիայի ստեղծման, անասնաբուժական սպասարկման նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների հզորացման անհրաժեշտությունը:

Շեշտելով ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին, Երկրագործության գիտական կենտրոնին եւ Ագրոքիմիական ծառայությանը նորագույն տեխնիկայով ապահովելու կարեւորությունը` նախարարն ընդգծել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ակնկալվում է միջազգային կառույցների, այդ թվում` նաեւ Համաշխարհային բանկի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ CARMAC 2 ծրագրի շրջանակում կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի եւ մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին եւ արժեշղթայի այլ մասնակիցներին աջակցության ցուցաբերելու հարցը:

Ծրագրերի ավագ պատասխանատու Արուսյակ Ալավերդյանն իր հերթին գոհունակությամբ նշելով CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը` հույս է հայտնել, որ երկրորդ ծրագիրը կլինի ավելի արդյունավետ եւ արդյունքում ոլորտում կհաջողվի գրանցել ավելի բարձր ցուցանիշներ:

Աշխատախմբի ղեկավար Բեքզոդ Շամսիեւը վստահեցրել է, որ նախարարի կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն առաջիկայում կուսումնասիրվեն:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր եւս: