Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվածների մեծամասնությունը մասնավոր սեկտորում ներգրավված մարդիկ են։ Այդ մասին նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում 2016-ի պետբյուջեի վերաբերյալ լսումների ընթացքում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, ներկայումս կուտակային համակարգի մոտ 130 հազար մասնակցից 60 հազարը զբաղված է պետական սեկտորում, իսկ 70 հազարը՝ մասնավոր։
2014-ի հուլիսի 1-ին հայտարարվել էր, որ կուտակային համակարգը համընդհանուր եւ պարտադիր կդառնա 2017 –ի հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ պարտադիր կլինի միայն պետական սեկտորի եւ մասնավորի նոր աշխատակիցների համար։ Դրա համար էլ ամեն ամիս համակարգը համալրվում է 3 – 4 հազար նոր աշխատակցով։
Նախարարությունը անձնական կենսաթոշակային հաշիվը վերահսկելու վերաբերյալ ուսումնական ծրագրեր է նախապատրաստում։ Դրա նպատակն է քաղաքացիներին օգնել հետեւելու իրենց հաշվին եւ կառավարող ընկերությունից ամենամսյա գրություններ ստանալ։ Դրա շնորհիվ նրանք կկարողանան տեսնել, թե արդյոք ընկերությունը ճիշտ է փոխանցել գումարը, արդյոք գործատուն գումարը փոխանցել է միջանկյալ հաշվին եւ կառավարող ընկերությունն ինչպես է տնօրինում տվյալ մարդու միջոցները։
«Գումարի տիրոջից ավելի լավ ոչ ոք չի կարողանա հետեւել այդ գումարներին», - իր խոսքն ամփոփել է նախարարը։
Նշենք, որ մասնավոր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը քաղաքացիների բուռն դժգոհությունն էր առաջ բերել կապված՝ աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու պարտադրանքի հետ (500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում՝ 10 տոկոսը տվյալ գումարը գերազանցող մասից)։ Պետությունը քաղաքացուն փոխհատուցում է այդ 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ։




























