Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների եւ երկարաժամկետ զարգացման հարցերը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ընդգծելով, որ կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն եւ անվտանգ էներգետիկ համակարգ ձեւավորելն է՝ վարչապետը կարեւորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը եւ հանձնարարել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները: