Ամերիկայի Միացյալ Նահանգների երկու քաղաքներում կայացած քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել են հայազգի թեկնածուներ: Այս մասին հաղորդում է «Ասպարեզի» ֆեյսբուքյան էջը:
Կալիֆոռնիա նահանգի Մոնտեբելո քաղաքում լարված պայքարի արդյունքում քաղաքային խորհրդի անդամ է վերընտրվել Ջեք Հաջինյանը: 38-ամյա Հաջինյանը անշարժ գույքի գործակալ է, արմատներով Արեւմտյան Հայաստանից: Նա Մոնտեբելոյի քաղաքային խորհրդում առաջին անգամ ընտրվել է 2011թ., իսկ երեք տարի անց ընտրվել է Մոնտեբելոյի քաղաքապետ:

Մեյն նահանգի Ուեսթբրուք քաղաքում մրցակիցների հանդեպ ձայների մեծ առավելությամբ քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել Բաքվի ջարդերից փրկված եւ ԱՄՆ–ում բնակություն հաստատած Աննա Աստվածատուրյան–Տուրկոտը:
Վերջինը մասնագիտությամբ իրավաբան է, հայտնի իրավապաշտպան, գրող: Առաջին գիրքը, որը պատմում է Բաքվից նրա ընտանիքի փախուստի մասին, նա գրել է 14 տարեկանում: 2013թ. նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Աստվածատուրյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:





























