Հավանական է, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսական օդանավը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, որոբ գուցե, փորձել են Ռուսաստանին պատժել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Սա կարող է դառը հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ մենք աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Ռուսաստանի ածանցյալ»,-ասաց Պապյանը։
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլեւս կայսրություն չէ, եւ լավագույն դեպքում տարածաշրջանի մակարդակով կարող է թելադրող լինել։
«Ռուսաստանն ուզում է Խորհրդային Միության դերը ստանձնել, բայց չունի այդ ուժը։ Այն ամբիցիաները, որ ունի Ռուսաստանը, խանգարում է հենց իրեն։ Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռեւս կայսրության հոգեվարքի մեջ է։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլեւս կայսրություն չէ՝ հզորության, ուժի առումով, լավագույն դեպքում կարող է լինել տարածաշրջանային ուժ»,-ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը կրկնում է Աֆղանստանի պատերազմի սցենարը, երբ աստիճանաբար ներգրավվեց լայնամասշտաբ պատերազմական գործողություններում:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։
«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել աղետի պատասխանատվությունը, սակայն Եգիպտոսի իշխանությունները կտրականապես հերքում են այդ վարկածը:





























