Ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Հարավային Սուդանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, կործանված բեռնատար օդանավը գրանցված է Հայաստանում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը:

«Այդ օդանավը հայկական գրանցում չունի, եւ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաթիռ չունեն»,- ասաց նա:

Ավելի վաղ Ինտերֆաքսը հաղորդել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավը հնարավոր է պատկանել է հայկական ավիաընկերությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ 5 քաղաքացի տեղափոխող ԱՆ-12 օդանավը, նախնական տեղեկություններով, վայր է ընկել մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ վթարից կարող էր զոհվել մինչեւ 40 մարդ։ Հաղորդվում է, որ փրկվել է 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փոխանցում է Lifenews-ը։

Ականատեսները հայտնել են, որ օդանավը մասերի է բաժանվել։ Բեկորները ցաքուցրիվ են եղել Սպիտակ Նեղոս գետի երկայնքով։